ԼՈՌԻ ԲԵՐԴ

Լոռի Բերդ միջնադարյան անառիկ ամրոցը գտնվում է ներկայիս Լոռվա մարզում` Ստեփանավանի դենդրոպարկից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար՝ 1005—20-ին:
1065-ին Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049—89) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք: Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ: 11-13 դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ: Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել:
1105-ին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118-ին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը: 1185-ին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին: 1236-ի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը: 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները:
1562—1734-ին Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: 18 դ. վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926—30-ին ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը):
Ամրոցը զբաղեցրել է 33հա տարածք և ծաղկում է ապրել 11 դ 2-րդ կեսին՝ դառնալով Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաք: Լոռի-Բերդի ամրոցում պահպանվել են եկեղեցին և 2 բաղնիքները: Ամրոցի մոտ, կիրճի ներքևի մասում է գտնվում միջնադարյան կամարակապ մի կամուրջ, որը կտրում անցնում է Ուռուտ գետը: Կամուրջի ձախ կողմում, ժայռի վրա, խաչերի տարբեր քանդակներ են: