ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ ԱՐԳԵԼՈՑ

‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոցն աշխարհում ստեղծված առաջին պահպանվող տարածքներից է: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի արմատները թաղված են պատմության խորքում և հասնում են մինչև մեր թվարկության 4-րդ դարը` Արշակունյաց դինաստիա, Խոսրով 3-րդ Արշակունի թագավոր: Պատմական աղբյուրները վկայում են, որ «Խոսրովի անտառ» արտահայտությունը կապված է Խոսրով Գ Կոտակ թագավորի հետ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հիմնադրվել է 1958թ ՀՍՍՀ ՄՍ թիվ Պ-341 որոշմամբ: Արգելոցը գտնվում է Արարատի մարզում Արարատյան դաշտի հարևանությամբ` Գեղամա լեռնաշղթայի լեռնաբազուկների, Երանոսի և Երախի լեռների վրա: Այն զբաղեցնում է 23213.5հա տարածք: Արգելոցը տեղակայված է ծովի մակարդակից 700-ից մինչև 2800 մ բարձրության վրա: Արգելոցում պահպանվում են երրորդական դարաշրջանից մեզ հասած գիհու և կաղնու անտառները, կիսաանապատային և ֆրիգանային լանդշաֆտների չորասեր համակեցությունները և այլ միջերկրածովյան ռելիկտային բուսականության էկոհամակարգերն, ինչպես նաև այդ միջավայրերին հարմարված հազվագյուտ կենդանիների ու բույսերի գենոֆոնդը:
2002թ. արգելոցի կառավարման, գիտական, գործնական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
Ըստ կանոնադրության (ՀՀ Կառավարության 2002 թ. մայիսի 30-ի թիվ 925 –Ն որոշում, Հավելված թիվ 1) արգելոցի ստեղծման հիմնական նպատակը Ազատ և Վեդի գետերի ավազանների ջրային ու ցամաքային էկոհամակարգերի զարգացման բնական ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, այդ թվում հազվագյուտ և անհետացող բույսերի ու կենդանիների գենոֆոնդի և ապրելու միջավայրի պահպանությունը, գիտական ուսումնասիրությունների իրականուցումը, գիտաճանաչողական զբոսաշրջության և էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ,) ենթակայության տակ գտնվում են հետևյալ պահպանվող տարածքները.
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որը ներկայումս բաժանված է չորս տեղամասերի՝ Գառնի (4253հա), Կաքավաբերդ (4745հա), Խոսրով (6860.8հա), Խաչաձոր (7354.7հա )
«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը՝ 95.99 հա
«Խոր Վիրապ» պետական արգելավայրը՝ 50.28 հա
2013թ. Օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ գիտակցելով արգելոցի կարևորությունը: Արգելոցն ունի հոյակապ լանդշաֆտներ, բազմազան բնական միջավայր, հարուստ կենսաբազմազանություն, տարբեր տեսակի շատ հետաքրքիր և կարևոր նշանակության հսկայական կուսական անտառներ, որը երկարատև պահպանության, պատշաճ կառավարման պլանի և կառուցվածքի արդյունք են: