ԳԱՌՆԻ

Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»: Այս հելլենիստական տաճարը կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը, ինչը կատարվեց 1969-75 թվականներին:
Տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը` իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին: Այս հոյակապ հուշարձանը այսօր` վերականգնված վիճակում, շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական մշակույթի հոյակապ կոթողներից մեկը։
Տաճարի 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Տաճարից արևմուտք` հրվանդանի գրեթե եզրից, բարձրացել է պալատական շենքի խոշոր կառույցը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ միմյանց հաջորդող չորս սենյակներից: Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը: Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ, իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով, ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն:
Կա տեսակետ, որ Գառնու տաճարի նախատիպն է եղել մ.թ.ա 9 դարում գործող Մուսասիրի Խալդ աստծո տաճարը: Տաճարի մասին մանրամասն տեղեկություններ են մեզ հասել Սարգոն Երկրորդ թագավորի թողած գրառումներից: Մուսասիրի տաճարի հարթաքանդակում նկատվում է շինարարական և ճարտարապետական բազմաթիվ տարրեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ հունա-հռոմեական տաճարաշինությունն ունեցել է իր նախատիպերը: