ԳԱՌՆՈՒ ՁՈՐ

Գառնի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, ստորոտից մինչև ձորի գլուխ հասնող ժայռերով և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը:
Ազատը գետի երկարությունը 55 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 550 քառ. կմ։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավ-արևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից:
Գառնիի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. III հազարամյակի 2-րդ կեսի վաղ բրոնզեդարյան բնակավայր՝ բոլորակ և քառանկյունի հատակագիծ ունեցող կացարաններով և օջախներով։ Գառնին դեռևս մ.թ.ա. III հազարամյակում եղել է Հայաստանի անասնապահական-երկրագործական բնակավայրերից մեկը։ Հայտնաբերվել են նաև միջին և ուշ բրոնզեդարյան (մ.թ.ա. II հազարամյակ) դամբարաններ և հնագիտական նյութեր, ուրարտական և վաղ հայկական (մ.թ.ա. VI-IVդդ.) խեցեղեն և Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, որի մեջ Գառնին իր շրջակայքով անվանված է Գիառնիյան երկիր։ Ամրոցի առջև եղել է քաղաքատիպ բնակավայր, որի հետքերը ծածկվել են միջնադարյան և նոր ժամանակների կառույցներով։ Գյուղը հյուսիսից երիզող բլրաշարքի վրա գտնվում է միջնադարյան գերեզմանոցը՝ քանդակազարդ խաչքարերով, մակագրված տապանաքարերով։
Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Ազատ գետի վրա գտնվում է XIIIդ-ի միաթռիչք կամուրջ՝ Գառնի գյուղի մոտ: Ձորի գլխավերևում են գտնվում Գառնիի տաճարը և Հավուց Թառ վանքային համալիրը: Գարնիի կողմից նայելով կարելի է նկատել, որ Ազատ և Գողթ գետերի միաձուլումից առաջացած ժայռեղեն թերակղզին նմանվում է կիթառի: