ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐՎԵԺ

Ջերմուկի ջրվեժը գտնվում է Ջերմուկում: Քաղաքը անտառոտ լեռների գրկում է, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում):
Ջերմուկի ջրվեժն ունի 72մ բարձրություն և թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Այստեղից էլ գալիս է ջրվեժի մեկ այլ անուն՝ Ջրահարսի վարսեր:
Մեզ է հասել ջրվեժի մասին մի հետաքրքիր ավանդություն: Իբրև թե ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր: Նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն:
Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:
Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:
Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է` գարնանը` +0.4 աստիճան, ամռանը`+15.3 աստիճան, աշնանը` + 4.9 աստիճան, ձմռանը` -9 աստիճան։