ՍՄԲԱՏԱԲԵՐԴ

Սմբատաբերդի (կամ Ցաղաց Քարի բերդի) պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք, Եղեգիս գյուղի արևմտյան կողմում: Արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի, արևմտյան կողմից` Արտաբույնքի ձորերով:
Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է: Պահպանվել են պատմական տեղեկություններ Vդ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի (Ավարայրի ճակատամարտ) մասին: Հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ։ Սյունյաց գահերեց իշխանների շառավիղներից Վասակյանները հավանաբար Սմբատաբերդը դարձրել են իրենց ռազմական հենակետը։ Իսկ Օրբելյանների տիրապետության ժամանակ Սմբատաբերդը ավելի է ամրացվել։
Ստույգ հայտնի չէ այս ամրոցի իսկական անվան ծագումը. ժողովուրդը ավանդաբար այն Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներց մեկը` Սմբատ թագավորը` ով, հնարավոր է, վերակառուցել է բերդը։ Առավել հավանական վարկածն այն է, որ ամրոցն իր անունը ստացել է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունից։
Բերդը կառուցված է երկարատև պաշտպանության համար, միջնադարյան բերդաշինության բոլոր կանոններով: Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է: Ամրոցը պատնեշով բաժանվում է երկու մասի` հարավային և հյուսիսային: Երկուսն էլ ունեցել են միջնաբերդեր:
Երկու հատվածներում էլ կան զորանոցների, ջրավազանների ավերակներ: Ունեցել է երեք մուտք` հյուսիս-արևելքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից, որոնք շարված են բազալտի սրբատաշ քարերից: Ամրոցի ջուրը բերվել է Ցախաց Քարի մերձակայքից: Սմբատաբերդը հանդիսացել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը: Վայոց Ձորի մարզում է գտնվում նաև Գնդեվանքը: