ԱՐԱԼԵՌ

Արալեռը (Արայի լեռը) գտնվում է Հրազդան և Քասախ գետերի միջև: Բարձրությունը 2577մ է: Ունի անկանոն կոնի ձև` հատած գագաթով և օղակաձև խառնարանով:
Կլիման ցամաքային է, տեղումները` 300-400մմ: Բարձրադիր մասերում տարածված են տափաստանները: Օգտակար հանածոներից կան անդեզիտ-բազալտ և անդեզիտ: Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում:
Երբ հեռվից ես նայում սարին, տպավորություն է ստեղծվում, որ քո առջև պառկած է մի աժդահա: Ըստ ավանդության, հայկական և ասորական զորքերի միջև ճակատամարտի ժամանակ հայ արքա Արա Գեղեցիկը զորքերը դասավորել էր Արա լեռան տակ, իսկ Ասորեստանի թագուհի Շամիրամը` Հատիս լեռան տակ: Այստեղ է ընկել իր կնոջը` Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու` Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան:
Հայ արքան հերոսաբար զոհվեց ճակատամարտում, իսկ լեռը դարից-դար փոխանցեց նրա փառավոր անունը: Այսպիսով քարացած հսկան դարձավ հայ ազգի զավթիչների դեմ դարավոր պայքարի և անկոտրուն կամքի յուրօրինակ խորհրդանիշը:
Շատ գեղեցիկ է Արալեռը. նամանավանդ ոտքերից քիթը տանող ճանապարհին: Այդ սարը սովորաբար մեծ բազմություններ են բարձրանում ապրիլի 24-ին` Մեծ Եղեռնի հիշատակի օրը, այնպես ինչպես Ծիծեռնակաբերդում: