ՔԱՐԻ ԼԻՃ

Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա. բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 9 մ։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա։ Լճի արևելյան ափին օդերևութաբանական կայան է տեղակայված:
Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C – +10°C, տեղումները՝ 300-900մմ և ավելի: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ: Տարածքը հարուստ է բուսականությամբ, շատ են կենդանական աշխարհի ներկայացուցիչները:
Լիճը առաջացել է սառցե գոյացություններից։ Այն երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում: Քարի լճից սկիզբ է առնում Արքաշեն գետը: Լճի ափին է առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը կառուցել են Ալիխանյան եղբայրները (Արտեմ Ալիխանյան, Աբրահամ Ալիխանով) 1942թ.-ին:
Ժողովուրդը մի հիասքանչ ավանդազրույց ունի Արագածի մասին. մթնշաղին, երբ վերջալույսի ցոլքերն սկսում են մարել, լեռան վրա, նրա չորս գագաթների միջև, կանթեղանման մի երկար ցոլք է կախվում՝ հայոց հույսի, հայ մարդու երազանքների խորհրդանիշը, ինչի մասին շատ պատկերավոր գրել է Հովհաննես Թումանյանն (Երևանում գործում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը) իր «Լուսավորչի կանթեղը» բանաստեղծության մեջ: