ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Հայոց այբուբենի հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան արևելյան լանջին։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։
Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։ Համալիրի բոլոր տառերը և արձանները քանդակվել են տուֆից: Հայոց լեզուն հնդևրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է ներկայացնում: Հայոց գիրը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Այն օգտագործվում է Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ջավախքում, Սփյուռքի հայկական գաղթավայրերում, մշակութային և հայագիտական տարբեր կենտրոններում:
Հայոց մեսրոպյան գրերով ստեղծվել է հարուստ գրականություն: Այն հին, միջին ու նոր քաղաքակրթությունների գիր է և արժեքավոր ավանդ ունի համաշխարհային մշակույթի գանձարանում: