ՄԵԾԱՄՈՐ

Մեծամորը քաղաքային բնակավայր է Հայաստանի Արմավիրի մարզում, Էջմիածին քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, ունի 8853 բնակիչ։ Մեծամորի շրջակայքում են գտնվում համանուն Հայկական ատոմային էլեկտրակայանը և հնագիտական արգելոց-թանգարանը։
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Մեծամորը երկաթագործության հնագույն կենտրոններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:
Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:
Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի ագաթից պատրաստված գորտ-կշռաքարն է (մ.թ.ա. XVI դ.) և բաբելոնյան մեկ այլ տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեքստով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. XV դ.): Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Առաջավոր Ասիան և Հյուսիսային Կովկասը: Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորն Արարատյան դաշտի արքունի քաղաքներից, կարևոր վարչաքաղաքական և մշակութային կենտրոններից մեկն էր:
Մ.թ.ա. VIII դ. Մեծամորը մտել է Վանի թագավորության (Ուրարտուի) մեջ: Կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարում` մինչև XVII դարը: Դրա լավագույն ապացույցներն են հայտնաբերված շինությունները, պարզ և ջնարակված խեցեղենը, պերճանքի առարկաները: Այստեղ հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ: