ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Սարդարապատ հուշահամալիրը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին:
Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից՝ մերկացնելով Կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը: Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է: Սարդարապատի ճակատամարտում հաղթանակը նվաճվեց հայ հրամանատարների հմուտ ղեկավարությամբ գործող հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների հերոսական պայքարի գնով:
Սարդարապատի ճակատամարտում լավագույնս դրսևորվեցին հնուց եկող հայկական ռազմական արվեստի ավանդույթները: ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ գյուղացիներ, մտավորականներ, հոգևորականներ, արհեստավորներ, ռուսական բանակում ծառայած հայ սպաներ, քաղ. բոլոր կուսակցությունները. մոռացվեցին բոլոր տարաձայնությունները: Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարարում և ծառայում իբրև գթության քույրեր: Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց հայկական պետականության վերականգման համար. 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
Հենց ճակատամարտի վայրում կառուցվեց հուշահամալիրը: Այն կազմում են թևավոր ցուլերը և հաղթական զանգերը: «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը: Նրա հորինվածքը կազմված է չորս վերասլաց մույթերից, երեք շարքով կախված զանգերից: Այն դաժան պայքարի օրերին զանգերը վեց օր շարունակ ղողանջում էին` ժողովրդին հանելով ազատագրական պատերազմի: Ղողանջը տարածվում էր ամբողջ Արարատյան դաշտավայրով:
Հայ մեծանուն ճարտարապետ Ռ. Իսրայելյանը նախագծել և Սարդարապատի հուշահամալիրից ձախ, փոքր բարձունքի վրա կառուցել է Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը, որն իր ծավալով ու գաղափարով լրացրել և ամբողջացրել է համալիրը։