ԶՎԱՐԹՆՈՑ

Բացառիկ ճարտարապետական արժեք է ներկայացնում Վաղարշապատից քիչ հեռու գտնվող «Զվարթնոցի» համալիրը, որն իր մեջ ներառում է «Զվարթնոցի» տաճարը և մոտակայքում գտնվող կաթողիկոսական պալատը:
Այս հիասքանչ համալիրը 641–661թվականներին կառուցվել է Ներսես III Շինող կաթողիկոսի պատվերով, ում ակտիվ շինարարական գործունեության շնորհիվ «Շինարար» էին կոչում:
Զվարթնոցը հիմնված է այն ճանապարհին, որով Տրդատ III թագավորը գնաց դիմավորելու Վաղարշապատ ժամանող Գրիգոր Լուսավորչին, և ենթադրվում է, որ Ներսես III կաթողիկոսը տաճարը կառուցեց ի հավերժացումն այդ հանդիպման, քանի որ այն նաև կոչվում Էր Սուրբ Գրիգոր: Այստեղ են պահպանվում վերջինիս մասունքների մի մասը: Սակայն համալիրը ավելի հայտնի դարձավ «Զվարթնոց անունով, քանի որ այն նաև նվիրված էր երկնային զվարթուններին՝ հրեշտակներին։ Այսպիսով՝ «Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»:
«Զվարթնոցը» կանգուն է եղել մինչև Xդ. վերջը։ XXդ. սկգբին ավերակ «Զվարթնոցը» տակավին ծածկված էր հողի հաստ շերտով։ Ըստ պեղված նյութերի, նախքան «Ջվարթնոցը» այստեղ եղել են հնագույն և IV-Vդդ. կառույցներ: Ենթադրաբար «Զվարթնոցի» տարածքում է եղել Տիր աստծո մեհյանը։ Պեղումները հայտաբերեցին տաճարը, նրանից հարավ-արևմուտք՝ կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու ավերակներ, պալատից ոչ հեռու, հարավ-արևելյան մասում՝ խաղողի քարաշեն հնձան և այլն:
Հայկական ճարտարապետությունը կրել է «Զվարթնոցի» ազդեցությունը. այն վաղմիջնադարյան հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումար է: Երևանի Օպերայի և Բալետի թատրոնի շենքը նմանություններ ունի Զվարթնոցի տաճարի հետ:
Սկսած 1937 թ. արգելոց-թանգարանում կազմակերպված բաց և փակ ցուցադրությունների հիմնական նպատակը ոչ միայն «Զվարթնոցի» պատմության և ճարտարապետության ներկայացումն է եղել, այլև պատկերացում տալ հայկական ճարտարապետության ակունքների, նրա ավանդույթների և, ընդհանրապես, հայ ճարտարապետության վրա «Զվարթնոց» տաճարի թողած ազդեցության և հայ մշակույթի պատմության մեջ նրա խաղացած դերի մասին: