ԱՐՓԻ ԼԻՃ

Արփի գետը թաքնված գեղեցկություն է, որը գտնվում է Աշոցք սարահարթի վրա՝ Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Այս տարածքը հայտնի է հանրապետությունում ամենացածր ջերմաստիճանով:
Արփի լիճը ծովի մակարդակից 2025 մ բարձրության վրա: Ավազանը 220 կմ² է։ Լճից սկիզբ է առնում Ախուրյանը։ 1951-ին պատվարվել է և վերածվել Արփի լճի ջրամբարի։ Մինչև ջրամբարի վերածվելը մակերեսը 4,5 կմ² էր, խորությունը՝ 1,6 մետր, ջրի ծավալը՝ 5 միլիոն մ³:
Լիճը սնվում է աղբյուրներից և գետակներից։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերը օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Այստեղ բազմանում են ծածան և խրամուլ ձկնատեսակները:
Արփի լիճն իր ներկայիս վիճակով մարդու միջամտության արդյունք է։ Ախուրյան գետի հունում, լճի ելքի մոտ կառուցված 10 մ բարձրության ջրապատնեշի շնորհիվ, բարձրացել է լճի մակարդակը և ավելացել կուտակվող ջրի քանակը։ Դա կարգավորում է Ախուրյան գետի հոսքը և հնարավորություն է ստեղծում ավելի շատ ջուր տրամադրել ոռոգման համար:
Վերջերս ստեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկ, որի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 62.000 հա: Պարկի տարածքում աճում է մոտ 670 տեսակի բույս, որոնցից 22 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում: Կան նաև թռչունների մոտ 200 տեսակ, որոնցից 40 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում: Այստեղ ապրում է 30 տեսակի կաթնասուն, որոնցից հազվագյուտ տեսակներ են Եվրոպական ջրասամույրը եւ խայտաքիսը: