ԳՅՈՒՄՐՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԵՐԴ

«Սեւ» բերդը Գյումրիում կառուցվել է դեռեւս 1834 թվականին: Ռուսական ցար Նիկոլայ I-ի Գյումրի այցելությունից հետո՝ 1837 թվականին, քաղաքը վերածվեց բերդ-ամրոցի, ապա ցարի կնոջ անունով կոչվեց Ալեքսանդրապոլ:
Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո: Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը:
Սև բազալտի սրբատաշ քարով շարված հսկա պարիսպները մինչև օրս էլ ցնցող տպավորություն են թողնում դիտողի վրա: Բերդի պարիսպներն այնքան ահռելի են, որ նրանց վրա տեղադրվել են 100 հրանոթներ, իսկ ներսում` 8000 կայազոր: Այս բերդը կառուցվել է ժամանակի ռազմական արվեստի վերջին խոսքով, և միակն է այն քչերից նախկին Ռուսական կայսրության մեջ, որի բացմանը ներկա է եղել անձամբ կայսրը: