ՀԱՂԱՐԾԻՆ

Հաղարծնի վանքի հիմնադրման ժամանակն ստույգ հայտնի չէ: Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIIIդ. առաջատար մշակութային օջախների շարքում (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս Օրբելյան)։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական թվականներից` Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ ամայացած էր։
Համալիրն ունի 3 եկեղեցի, 2 գավիթ (մեկն ավերված է), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Հնագույնը Սբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար). ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ` ուղղանկյուն, 4 անկյուններում ավանդատներով գմբեթավոր կառույց է:
1281 թ-ին տեր Հովհաննեսն ու տեր Սարգիսը բարերարների օժանդակությամբ հիմնավորապես վերակառուցել են վանքի գլխավոր՝ Սբ. Աստվածածին եկեղեցին (հիմնադրվել է հավանաբար X–XI դարերում): Եկեղեցին 1 զույգ մույթով գմբեթավոր դահլիճ է, ճակատներին (բացի արևմտյանից)՝ «հայկական խորշեր»: Գմբեթի բարձր թմբուկը զարդարված է դեկորատիվ կամարաշարով, հարավային և արևմտյան դռներն ունեն XIIIդարին բնորոշ շքամուտքեր: Արևելյան ճակատին 2 հոգևորականի կտիտորական պատկերաքանդակն է՝ եկեղեցու մանրակերտով:
Հաղարծինի սեղանատունը ճարտարագիտական լուծումով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է: Սեղանատան արևելյան մասում պահպանվել են այլ շինությունների (հավանաբար խոհանոցի, հացատան և այլն) ավերակներ: Արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում արձանագրված է «Մինաս», իսկ որմնաքարին` բազմիցս հանդիպող «Մ» տառը հավանաբար կառուցող ճարտարապետի անունն է:
Վանքի տարածքում կան մի քանի աղոթարաններ` տեղադրված ժայռալանջերին: Հաղարծինում գտնված 350կգ կշռող բրոնզե կաթսան մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է: Կաթսայի պսակազարդ շուրթի վրայի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը` 1232թ.: Նրա չորս կանթերը առյուծների արձաններ են, որոնց ոտքերը նույնպես զարդարված են: