ԼԱՍՏԻՎԵՐ

Լաստիվերը տեղակայված է Տավուշի մարզում: Հյուսիս- արևելքում է գտնվում Հայաստանի ամենաանտառաշատ մարզը` Տավուշը, որի տարածքի կեսը պատված է անտառներով և կանաչ տարածքներով: Մարզի անունը գալիս է պատմական մեծ Հայքի Տավուշ գավառից, որի տարածքի մի մասը համընկնում է մարզի ներկայիս տարածքի հետ: Մարզում բավական խիտ է գետային ցանցը: Խոշոր գետն է Աղստևը, որի աչքի ընկնող վտակներից մեկը` Խաչաղբյուրը, տանում է դեպի Իջևանի գողտրիկ անկյունները, դեպի Լաստիվեր. Քարանձավ, անապատ, արագահոս գետ, մեծ և փոքր ջրվեժներ, անտառ և հիասքանչ բնություն: Հայոց հրաշագեղ բնության այս աննման անկյունները տեսնելու համար բազմաթիվ զբոսաշրջիկներ ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից, ընտրելով տուր դեպի Լաստիվեր, այցելում են այս քարանձավ- անապատը: Ճանապարհն ինքնին անչափ հետաքրքիր է և գրավիչ հատկապես էքստրեմալ տուրիսմի սիրահարների համար:
Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել տեղի բնակչությունը: Քարանձավը գտնվում է ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողության մեջ «Լաստիվեր» անունով:
Սենյակների պատերին ոմն նկարիչ թողել է գեղեցիկ խորաքանդակ: Կարելի է նկատել, որ այն պատկերում է հարսանիք: Հեղինակը ստեղծում էր այդ գլուխգործոցները քարանձավում ճգնավորի կյանքով ապրելու ժամանակ: Այդ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով:
Ձորի ներքևում աղմկում է մի հիասքանչ ջրվեժ, որը տեղանքի բնության անբաժանելի մասն է կազմում: