ՊԱՐԶ ԼԻՃ

Պարզ լիճը աղբյուրներից սկսվող, հոսք ունեցող լիճ է։ Այն ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.027 քառակուսի մ, ծավալը 83.8 հազար խորանարդ մետր։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։
Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երնագով: Մոտակայքում սաղարթապիտ անտառն է, որի հիասքանչ արտացոլանքը զարդարում է լճի մակերևույթը:
Ափամերձ գոտին հարթ է, հվ. գոտին՝ քարքարոտ։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15.50 C: Սնումը աղբյուրներից և մթն. տեղումներից է։ Ավազանն անտառածածկ է, ունի ռեկրեացիոն նշանակություն: Պարզ լիճը Կիրակոս Գանձակեցու մոտ կոչվում է «Տըզկա Ծով»։
Ըստ լեգենդի, նորապսակների մի զույգ է խեղդվել այս լճում: Դարձել է ավանդույթ`բոլոր նորապսակները պսակադրման օրը այցելում են Պարզ լիճ` զոհված ամուսինների հիշատակը հարգելու:
Իհարկե, Պարզ լիճը չես համեմատի Հայաստանի կապույտ մարգարտի՝ Սևանա լճի հետ, որն առաջարկում է զվարճանքի և արկածների անվերջ տարբերակներ, սակայն, եթե դուք իսկապես գնահատում եք բնությունը, հանգիստը և խաղաղ մթնոլորտը, ապա պետք է անպայման այցելեք այս վայրը: