ԱՐՄԱՂԱՆ ԼԵՌ

Արմաղան լեռ, լեռ Գեղարքունիքի մարզում։ Լեռան բարձրությունը կազմում է 2829 մ։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որը մասամբ լցված է ջրով։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։
2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են Քարի լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։
Լեռնակերտի ու Մադինայի (միասին շուրջ 200 ընտանիք) բնակիչները հին խորհրդային «Վիլիսներ» ու «Նիվաներ» ունեն և ասում են, որ ուրիշ մեքենա իրենց մոտ պարզապես չի դիմանա: Արմաղան լեռը բարձրանալը հեշտ չէ, սակայն երբ հասնում ես գագաթին, բնությունը լիուլի վարձահատույց է լինում ծախսած ջանքերիդ համար:
Լեռան ձգողական ուժով ու հիասքանչ շրջակայքով դյութված` ժամանակը շատ արագ է անցնում: Սակայն պետք է շուտ սկսել վայրէջքը, մութն ընկնելուց առնվազն երկու ժամ առաջ:
Տեղացիներն ասում են, որ Արմաղան լեռն Աստծո պարգև է, և մեկ անգամ այնտեղ եղածները վարակվում են նրանով և անպայման նորից այցելում: