ՆՈՐԱՏՈՒՍ

Նորատուս գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ ափին, Գավառից 5կմ հյուսիս-արևելք. այն Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ, յուրահատուկ բացօթյա թանգարան, խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածու, վայր, որը խորհրդավոր տպավորություն է թողնում Հայաստանի մասին: Ավանդության համաձայն` մոնղոլ-թաթարական հերթական հարձակման ժամանակ հարյուրավոր խաչքարեր զգեստավորում են զինվորների պես: Տեսնելով այդ զարհուրելի տեսարանը` թշնամին ամոթալի ետ է նահանջում:
Դամբարանի տարածքում կա մի փոքրիկ մատուռ, որի օգնությամբ, մեկ այլ ավանդույթի համաձայն, փրկվել է մի ամբողջ գյուղ: Մոնղոլ-թաթարները պայմանավորվել էին գյուղի ավագանու հետ, որ կխնայեն բոլոր այն մարդկանց կյանքը, ովքեր կտեղավորվեն ժամատան ներսում: Քանի որ մատուռն ուներ գաղտնի ելք, բոլոր բնակիչներին հաջողվեց փախչել: Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը, մտնելով մատուռ` ապշահար է լինում` նա տեսնում է միայն աղոթող ավագանուն: Ավագանին բացատրում է, որ ամբոխը վերածվել է աղավնիների ու չվել երկինք:
Գյուղի կենտրոնում գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին, հարավ-արևելյան եզրին՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։ Ս.Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը IXդ. վերջին։ Ճարտարապետական հորինվածքով այն «գմբեթավոր սրահ» տիպի կառույց է, VIIդ. շինությունների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ։ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ կառուցվել է հավանաբար IX-Xդդ., եղել է միանավ թաղածածկ շինություն, որը հետագայում վերափոխվել է գմբեթավոր սրահի (X-XIդդ., ճարտարապետ Խաչատուր)։
Նշանավոր է գյուղի հարավային մեծ գերեզմանատունը իր բազմաթիվ խաչքարերով։ Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Մեծամասնություն են կազմում XIII-XVIIդդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված են, կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը։ Հանդիպում են փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։ Առավել շատ են առանձին կանգնած պատվանդանների վրա բարձրացող խաչքարերը։ Նորատուսում գործել են մի շարք տաղանդավոր քարգործ վարպետներ, կազմողներ՝ Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ։
Նորատուսի մոտ, Շոռ-Գյոլ կոչված վայրում բացված բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում հայտնաբերվել են միկարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ։ Նորատուսի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն։