ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

Սևանավանքը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու վրա գտնվող հայկական վանական համալիր է:
Ըստ տեղեկությունների՝ այստեղ առաջին՝ Ս. Հարություն եկեղեցին 305-ին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը, Սևանա լճի կղզում (այժմ` թերակղզի)` հեթանոսական մեհյանի տեղում: Այն ավերվել է 995 թ երկրաշարժից: IX դ. Մաշտոց Եղիվարդեցի վարդապետը (ապագա կաթողիկոս Մաշտոց Ա Եղիվարդեցի) հիմնել է Ս. Առաքելոց միաբանությունը: Ըստ եկեղեցու արձանագրության վանքը կառուցվել է 874 թ-ին Աշոտ Ա-ի դստեր` Մարիամ իշխանուհու կողմից: Հետագայում վանքը շրջապատվել է պատով, որ քանդվել է 16-17-րդ դարերում:
Միջին դդ Սևանավանքը եղել է պատմա-ճարտարապետական մեծ համալիր, որի մեջ եկեղեցիներից բացի մտնում էին ամենատարբեր նպատակների համար կառուցվածքներ (գրատուն, հյուրատներ, պահեստներ, սեղանատուն ևն): Սևանավանք համալիրում հիշատակված են ս. Աստվածամայր, ս. Լուսավորիչ, ս. Կարապետ, ս. Հարություն, ս. Հովհաննես Սկրտիչ, Սևանի ս. Նշան եկեղեցիները, որոնց անուններով երբեմն կոչվել է նաև վանքը։ Այժմ վանքի համալիրից պահպանվել և կանգուն են Առաքելոց եկեղեցին և ս Աստվածամայրը:
Համալիրի տարածքում կան հին շինությունների մնացորդներ, խաչքարեր, գերեզմաններ։ 1956-1957 թթ. եկեղեցիները վերանորոգվել են։
Հայկական հին զրույցը պատմում է, որ արքա Աշոտ Երկաթը իր եղբայր Աբասի հետ միասին երդվեցին, որ դուրս կհանեն արաբ թշնամիներին Հայստանի տարածքից: Արքա Աշոտը պաշպանողական դիրք էր գրավել Սևանավանքում: Բայց ուժերը չափազանց անհավասար էին: Եկավ առավոտը: Սևանի վրա խիտ մառախուղ նստեց: Եվ հանկարծ այդ մշուշի մեջ սկսեցին իրենց շարժումը հայկական լաստանավակները՝ վառվող ջահաբոցերով: Արաբները նավակների մեջ նստած՝ սկսեցին հետապնդել նրանց: Լաստանավակների վրա ոչ ոք չկար: Աշոտ արքան, շարունակելով հետրել ձկնորսի խորհրդին, շրջանցեց արաբներին հետևի կողմից, իր փոքր ջոկատով հարձակվեց նրանց վրա ու ստիպեց փախուստի դիմել: Եվ ավելին: Արևի ճառագայթներն այդ առավոտ այնպիսի ուժով էին լուսարձակում արաբների աչքերը, որ նրանք չէին կարողանում ճիշտ նշան բռնել՝ հայերի նավակների վրա կրակելիս։ Այդ հաղթանակի պարագաներից մեկը այն էր, որ Աշոտ արքան երբեք չէր արհամարհում հասարակ զինվորների ու գյուղացիների խորհուրդները: