Գեղարքունիքը Հայաստանի ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող մարզերից է։ Մարզի գլխավոր առավելությունն այն է, որ այստեղ է գտնվում երկրի մարգարիտներից մեկը՝ Սևանա լիճը։ Հատկապես ամռան ամիսներին Երևան այցելող գրեթե յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր պարտքն է համարում գոնե մեկ օր հանգստանալ Սևանում։ Սևանա լճից բացի մարզում կան նաև այլ տեսարժան վայրեր՝ Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած տասնյակ հրաբխային կոները, Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարձև խառնարաններում նույնպես գոյացել են գեղեցիկ լճակներ: