Հայաստանի տեսարժան վայրերը բազմաթիվ են ու բազմազան, և բոլորովին սխալ է այն պատկերացումը, թե Հայաստանի տեսարժան վայրերը միայն եկեղեցիներն ու վանքերն են։ Հայաստանը, թեև քարերի երկիր է, սակայն քարակոփ կոթողներից՝ եկեղեցիներից, վանքերից, բերդերից ու ամրոցներից բացի, այստեղ կան նաև բնության գողտրիկ անկյուններ՝ ինչպիսիք են, օրինակ, գետերն ու լճերը, ջրվեժները, լեռները, անտառներն ու արգելոցները։ Բնական, անձեռակերտ տեսարժան վայրեր են նաև Հունոտի կիրճը, Քարերի սիմֆոնիան, Սատանի կամուրջը, Թռչնոց քարանձավը, Մագելանի քարանձավն ու այլ նմանատիպ բնության հրաշալիքները։
Ընդհանրապես տուրիստական տեսանկյունից տեսարժան վայր կարելի է համարել ցանկացած վայր, որն ուշագրավ է, որտեղ կարելի է գեղեցիկ լուսանկարվել և հանգստանալ։ Այս առումով պատահական չէ, որ շատ ժամանցի վայրեր նույնպես կարելի է տեսարժան վայր համարել։ Օրինակ՝ տուրիստական այցելությունների առումով բավական ակտիվ են արկածային ժամանցի վայրերը, որոնք նույնպես իրավամբ կարելի է տեսարժան վայր կոչել։
Դրանցից են ճոպանուղիները՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, և իհարկե Սյունիքում՝ Տաթևերը, որի բարձրությունը շատերին է հրապուրում, սակայն քչերն են խիզախում երթևեկել դրանով։ Վերջին տարիներին տուրիստական այցելությունների տեսակետից ակտիվ են ճոպանով սահելու ուղիները կամ այլ կերպ ասած զիփլայնները՝ Ենոքավանում ու Լաստիվերում։ Ենոքավանի Yell Extreme Park-ը նույնպես արկածային տուրզմի տեսակետից բավական այցելվող տեսարժան վայր է, քանի որ այստեղ առաջարկվում են տարբեր էքստրեմալ ծառայություններ՝ ձիավարություն, թռիչք բարձրությունից (պարագլայդինգ) և այլն։
Առաջարկում ենք ծանոթանալ Հայաստանի տարբեր տեսարժան վայրերին՝ ըստ մարզերի, որից հետո կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող ուղղուղղությունն ու կապվել մեզ հետ շրջագայությունը կազմակերպելու համար։