ՍԵՎԱՆ

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքը: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում մենք ծով էինք անվանում (Սևանը ունեցել է Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով անունները): Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:
Լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83մ-ի։ Սևանա լճին շրջապատում են հարավից՝ Վարդենիսի, արևմուտքից՝ Գեղամա, հյուսիս-արևմուտքից՝ Փամբակի, հյուսիս-արևելքից՝ Արեգունի լեռնաշղթաները։
Սևանա լիճ են թափվում 28 գետ, որոնցից նշանավոր են Գավառագետը, Արգիճին, Մարտունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը: Դուրս է հոսում միայն Հրազդան գետը:
Լճի ափամերձ տարածքում սփռված են բազմաթիվ բրոնզեդարյա «կիկլոպյան» կոչվող ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք): Լճի ցամաքած հատվածում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է, որ 3500 տարի առաջ Սևանի զգալի մասը ցամաք է եղել: Այնտեղ եղել են բնակավայրեր, որտեղ բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ:
Պահպանվել են նաև բազմաթիվ ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանագրություններ (Վելիկուխի, Ռուսայի արձանագրությունը): Եվ, իհարկե, կան նաև միջնադարյան կառույցներ՝ Սևանավանքը, Հայրավանքը և այլն:
Սևանա լիճը բնության կողմից պարգև տրված անփոխարինելի առողջարան է , ուր առայժմ զարգացում է ապրել ամառային տուիզմը: Սակայն լիճը իր ջրահավաք ավազանով ունի նաև ձմեռային տուրիզմի կազմակերպման գերազանց հնարավորություններ ու հեռանկարներ: