ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ

Որոտանի Հրաշքը` Սատանի Կամուրջ Զարմանահրաշ է բնությունը` լի չքնաղագույն անկյուններով և անձեռակերտ հուշարձաններով, որոնք բնության համաշխարհային ժառանգության անբաժան մասն են կազմում: Բնության ապշեցնող կոթողներից են բնական կամուրջները, որոնք գոյացել են դարերի ընթացքում: Բնական այդ կոթողներից են ,Սատանի կամուրջներըե: Այո, այդ անունով աշխարհում բազմաթիվ կամուրջներ կան` Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում: Կա նաև Հայաստանում…
Որոտան գետի կիրճում է գտնվում Սատանի կամուրջը, որի երկարությունը մոտ 30մ է: Կամուրջը գտնվում է Որոտանի կիրճի ամենախոր հատվածում` 700-800մ: Այդ հատվածում կիրճն այնքան նեղ է, որ արևի ճառագայթներն անգամ ի զորու չեն թափանցելու նրա հատակը: Հենց այստեղ էլ գտնվում է բնության գեղատեսիլ և արտասովոր հրաշքը` Սատանի կամուրջը, որի շրջակայքում կարկաչում են բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջրերը գունավորել են ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով: Այդ հրաշք կառույցը տրավերտիններից կազմված բնական կամուրջ է: Դարերի ընթացքում կրաքարային կուտակումները հավաքվելով կազմել են այս հզոր քարե կամարը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրների առաջացրած շթաքարերը (ստալակտիտներ), իսկ բնական կամրջի տակ գտնվող ժայռային խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժներ: Հանքային աղբյուրները գտնում են հենց կամրջի տակ, որոնք լցվում են Որոտան գետը և այն դարձնում ավելի հորդառատ: Դրա շնորհիվ առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակով հոսում է սակավաջուր գետակ, սակայն փոխարենը կամրջից դուրս է գալիս ջրառատ Որոտանը: Հավանաբար, հենց այստեղից էլ ծագել է կամրջի անվանումը:
Սատանի կամրջի տակ գտնվող բուժիչ հատկություններով օժտված տաք հանքային ջրերը գոյացրել են ջրավազաններ: Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն անպայման ամռան ամիսներին այցելում էին այս հրաշագեղ քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու: Չքնաղ է Սյունյաց բնությունը, որի տարածքում 178 կմ երկարությամբ հոսում է Որոտանը Սյունիքի բնական զարդը: Գետը, հոսելով սքանչելի կիրճով, անցնում է քարեդարյան քարանձավների, բրոնզեդարյան ամրոցների ու վանքերի կողքով: Գետի հունը ինքնին հիանալի վայր է արշավների համար. անտառներով ձգվող արահետները տանում են դեպի Տաթև, Քարահունջ, Հալիձորի բերդ: Գարնան և ամռան ամիսներին Որոտանի կիրճը հրաշալի վայր է ռաֆտինգի սիրահարների համար: