ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ

Շաքիի ջրվեժը գտնվում է Հայաստանում` Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18 մետր։ Շաքիի ջրվեժը տեղակայված է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Որոտանի կիրճում:
Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»:
Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:
Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:
Այստեղի բնությունը կյանք է: Յուրաքանչյուրն էլ ուզում է դուրս գալ տնից և զգալ կյանքի գերող շունչը, ապրել պոզիտիվ զգացումներ և ուղղակի ընկնել բնության գիրկը՝ մոռանալով դժվարությունների և առօրյա կյանքի մասին: