ՏԱԹԵՎԵՐ ՃՈՊԱՆՈՒՂԻ

Հետադարձելի «Տաթևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքում, Երևանից 250 կմ դեպի հարավ: Այն կառուցվել է ավստրա-շվեցարական Dopplemayer/Garaventa ընկերության կողմից «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: Ռեկորդային 9 ամսվա ընթացքում կառուցված ճոպանուղին ամենաերկարն է աշխարհում (5752մ) և ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Յուրաքանչյուր խցիկը տեղավորում է 25 ուղևոր և մեկ վագոնավար: Ժամում ճոպանուղին կարող է սպասարկել 200 մարդ: Խցիկը շարժվում է 37 կմ/ժ արագությամբ. ուղևորությունը տևում է 12 րոպե: Խորունկ կիրճում, որի վրայով ձգվում է ճոպանուղին, հոսում է Որոտան գետը: Գեղատեսիլ կիրճը պահում է բազմաթիվ գանձեր` հնագույն քարանձավային գյուղեր, նեանդերտալների կանգառներ, ճգնավորների կացարաններ, բուժիչ աղբյուրներ: Կիրճի վրայով կառուցվել է նաև հայտնի «Սատանի կամուրջը»: Ճանապարհը տանում է դեպի Տաթևի վանքային համալիրը, որը կառուցվել է 906 թվականին: Այնտեղ կարելի է տեսնել Սուրբ Երրորդությանը նվիրված սյունը. երբ գետինը ցնցվում է, այն սկսում է ճոճվել: Այս մեխանիզմը օգտագործել են թշնամու հարձակման, ինչպես նաև բնական աղետների մասին տեղեկանալու համար: Համալիրը ներառում է նաև 1390-1435 թթ կառուցված Տաթևի համալսարանը` միջնադարյան Հայաստանի փիլիսոփայական և գիտական մտքի խոշորագույն կենտրոնը:
Միջնադարյան այս վանքի վերածնունդը «Տաթևի վերածնունդ» նախագծի (որի շրջանակներում կառուցվել է «Տաթևեր» ճոպանուղին) հիմնական նպատակն է: Տոմսերի վաճառքից ստացված բոլոր միջոցները ուղղված են այդ ծրագրի իրականացմանը: