ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑ

«Շիկահող» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թ-ին Կապանի անտառտնտեսության հիման վրա ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի թիվ Պ-341, 13.09.1958 թ. որոշմամբ` Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա գտնվող լայնատերև անտառների յուրահատուկ ֆլորան և ֆաունան պահպանելու, ուսումնասիրելու և վերականգնելու նպատակով: 1963 թ-ին այն վերափոխվել է Բարթասի արգելավայրի և վերականգնվել է որպես արգելոց միայն 1975 թ-ին: Պահպանության հիմնական օբյեկտներն են հանդիսանում լայնատերև (կաղնու, բոխու) անտառները, յուրահատուկ բուսական համակեցությունները (կենու, արևելյան սոսու և արևելյան հաճարենու պուրակները), դրանց բուսական և կենդանական աշխարհը:
Արգելոցը գտնվում է Հայաստանի ամենահարավային մասում ` Սյունիքի մարզի Կապանի շրջանում, զբաղեցնում է 29505.845 հա` ներառյալ արգելոցի ու «Սոսու պուրակ» արգելավայրի 12137.075 հա տարածքը և «Զանգեզուր» արգելավայրի 17368.77 հա տարածքը: Արգելոցը բաղկացած է Շիկահողի և Մթնաձորի տեղամասերից: Մինչև 2006 թ-ը դրա տարածքը ավելի փոքր էր` 10330 հա:
Շիկահողը զբաղեցնում է Ծավ և Շիկահող գետերի ավազանները Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա և իր մեջ ներառում է Շախբուզ (2372 մ), Գյումարանց (2366 մ), Մազրա (2198 մ) և Բարթաս (2186 մ) լեռնագագաթները: Արգելոցին սահմանակցում են Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ և Ներքին Հանդ գյուղերը:
Արգելոցի սահմաններն անցնում են հարավում Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ մնացած կողմերից` վերը նշված գյուղերի համայնքային հողերի սահմաններով:
Բոլոր տեսակի գործունեությունները, որոնք վերաբերվում են բնական էկոհամակարգերի, գենետիկական ռեսուրսների, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության հետազոտմանը, բնական ժառանգության պահպանությանը, բնական ռեսուրսների վերականգնմանն ու հաշվառմանը իրականացվում են «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Այս կազմակերպության լիազորությունների մեջ է մտնում նաև «Սոսու պուրակ» և «Զանգեզուր» պետական արգելավայրերի կառավարումը: