ՏԱԹԵՒԻ ՎԱՆՔ

Տաթևի վանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում:
Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Տաթևի վանքը հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին – Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։
895 թ-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Մատենդարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը:
Հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժներից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին:
Տաթևի վանքի որմնանկարները, շնորհիվ գեղարվեստական բարձր արժանիքների և ինքնատիպության, բացառիկ նշանակություն ունեն միջնադարյան արվեստի պատմության համար, մանավանդ, որ X դ. եվրոպական որմնանկարներ գրեթե չեն պահպանվել:
«Տաթևի թևեր» ճոպանուղու շահագործման ողջ եկամուտը ուղղվում է Տաթևի վերածնունդ հիմնադրամին, որը նախատեսված է վանքի վերակառուցման և տեղական համայնքի զարգացման համար։ Տաթևի վերածնունդ նախագծի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ 2010 թ. հոկտեմբերի 16-ին Տաթևի ճոպանուղու գործարկման օրը:
Վանքի անվան ծագման մասին գեղեցիկ մի լեգենդ է մեզ հասել: Երբ վանքը կառուցող վարպետը ավարտեց իր աշխատանքը, նա խնդրեց Աստծուն իրեն թևեր տալ, որպեսզի նա երկնքից տեսնի այս գեղեցկությունը: Աստված լսեց նրա խնդրանքը և կատաեց այն: «Տաթև» նշանակում է «Տուր թևեր»: Մոտենալով վանքին, հասկանում ես, թե ինչու հենց այդ անվանումը: Չորս կողմից անդունդներով շրջապատված վանքը, կարծես՝ ճախրում է կիրճի վրա: