ԷՐԵԲՈՒՆԻ ԱՄՐՈՑ

Երևան այցելող զբոսաշրջիկներին հատկապես հետաքրքիր է այս հինավուրց քաղաքի հիմնադրման պատմությունը, որին ծանոթանալու հինալի հնարավորություն է Երևան սիթի տուրի շրջանակներում Էրեբունի ամրոցի այցելությունը:
Էրեբունի ամրոցը, որ գտնվում է ներկայիս Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին բերդ բլրի վրա, հիմնադրվել է Ք.Ա. 782 թ-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք: Հետագայում բլրի ստորոտին էլ տարածվել է նույնանուն քաղաքը:
Էրեբունին ունեցել է հզոր զինվորական կայազոր և եղել է ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ: Ուրարտական պետությունը Էրեբունիի հիմնադրման ժամանակ տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության էր հասել և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։
Քաղաքաշինական տեսանկյունից Էրեբունին ուրարտական շատ այլ քաղաքների նման ունի բավական պարզ կառուցվածք։ Այս շրջանի բոլոր քաղաքների ընդհանրությունն այն էր, որ նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Միջնաբերդն այժմ ամողջությամբ պեղված է, ինչը չի կարելի ասել մյուս կառույցների մասին, որոնք փռված են բլուրի շուրջը: Սրանք պեղված են մասնակի և վստահորեն կարելի է ասել, որ հուշարձանը դեռևս թաքցնում է շատ գաղտնիքներ, որոնց բացահայտումը և ուսումնասիրությունը մեծապես կլրացնեն և կնպաստեն Մերձավոր Արևելքի պատմության ամբողջացմանը։
Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ, հարավ-արևելյան հատվածում կազմում են երեք շարք և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։
Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»։