ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանն ու գործընկերները կերպարանափոխեցին Երևան քաղաքը. այն վերածվեց տպավորիչ նորակառույց շինություններով ժամանակակից քաղաքի։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։
Չորս հիմնական շենքերի կառուցումը տևել է 1926-1958 թվականները: Կառավարության տան ճարտարապետը հենց ինքը՝ Թամանյանն է եղել, իսկ նրա մահից հետո՝ 1936 թվականից, հոր աշխատանքը 1952 թվականին ավարտին հասցրեց տղան՝ Գևորգ Թամանյանը: Արմենիա Մարիոթ հյուրանոցը և Արհմիությունների տունը նախագծել են Մարկ Գրիգորյանը և Էդվարդ Սարապյանը: ՀՀ Արտաքին Գործերի, Էներգետիկայի և Տարածքային կառավարման նախարարությունների շենքերը նախագծել են Սամվել Սաֆարյանը և Վարազդատ Արևշատյանը: Հրապարակի հինգերորդ՝ Հայաստանի Պատմության Թանգարանի և Պատկերասրահի շենքը իր վերջնական տեսքը ստացավ 1975 թվականին ՝ Մարկ Գրիգորյանի նախագծով:
Ազգային պատկերասրահի շենքի առջև կազմակերպված են երգող շատրվաններ, որոնց շնորհիվ Հանրապետության հրապարակը դարձել է երևանցիների սիրելի ժամանցի վայրերից. այստեղ հաճախ բացօթյա համերգներ են կազմակերպվում։ Շատրվանները վերանորոգվել են 2007-ին և համալրվել արդիական համակարգչային կառավարմամբ լուսաձայնային էֆեկտներով. շատրվաններն ասես «պարում են» երաժշտական նվագակցությամբ, փոխվում են նաև գույները, իսկ ջրի շիթերից ստեղծված էկրանին հայտնվում են հոլոգրաֆիկ պատկերներ` ստեղծելով հիրավի զարմանահրաշ տեսարան:
Հանրապետության հրապարակը հայ ճարտարապետության լավագույն անսամբլներից է։ 1971-ին Հանրապետության հրապարակի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։