«Շատ ուրախ եմ, որ Երևանը կառուցվում է և վերածվում մայրաքաղաքի։ Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ իմ գործերի համար»։
Իր ապագա տուն թանգարանի մասին այսպես է գրել Մարտիրոս Սարյանը դեռևս 1927 թվականին՝ արվեստաբան Ռուբեն Դրամբյանին ուղղված իր նամակներից մեկում:
Այդ տարիներին դա թվում էր անիրագործելի երազանք։ Սակայն Սարյանն այն բացառիկ ռոմանտիկներից էր, որոնք ի վիճակի էին կյանքի կոչել մեկը մյուսից ավելի խիզախ ծրագրեր։
Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին:
Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով:
Բացահայտեք քսաներորդ դարի հայ վարպետի արվեստը Ձեզ համար: