ՀԱՂԹԱՆԱԿ ԶԲՈՍԱՅԳԻ

Մայր Հայաստան հուշահամալիրը կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։
Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1962 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը։ Երեք տարի անց հուշահամալիրի շենքում բացվեց Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը:
«Հաղթանակ» զբոսայգին բոլորս անվանում ենք «Մոնումենտ»: «Մոնումենտ» սկսեցին անվանել ոչ միայն այգին, այլև ողջ թաղամասը, որը համարվում է Երևանի ամենահաճելի վայրերից մեկը:
Այգին սկսեց կառուցվել 1930-ականների վերջին: Այն կոչվում էր «Քաղաքային այգի Արաբկիրում»: Պատերազմից հետո այն վերանվանվեց «Հաղթանակ» այգու: Մինչ այդ այգու տեղում ամայի տարածքներ էին, բոլոր ծառերը տնկվեցին աստիճանաբար, տարիների ընթացքում:
Առաջին կարուսելը ճոճվող նավակն էր, որը տեղադրվեց 1955-56թթ-ին: 1959թ-ին այգում բացվեց «Արագիլ» ռեստորանը, որը դարձավ քաղաքի խորհրդանիշներից մեկը: Նրա հեղինակը եւս Ռաֆայել Իսրայելյանն էր:
«Արեւիկ» արհեստական լիճը սկսեցին կառուցել 1958թ-ին, իսկ շահագործման հանձնեցին 1961թ-ին: Լճի հեղինակը ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Հակոբյանն էր: Լիճը կրկնում է Սեւանա լճի ձեւը: Ամենախորը հատվածում լճի խորությունը կազմում է 8,5մ: